Եթե ողջ հասարակությունը պարտադրի՝ իշխանությունները ստիպված կլինեն գնալ արտահերթ ընտրությունների՝ հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման պնդում արեց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ Ըստ նրա՝ ընտրություններն ամեն անգամ կեղծվում են, իշխանությունը կրկին բռնազավթվում է, սակայն, չգիտես ինչու, ընդդիմությանը մեղադրում են ձախողվելու մեջ։ Մինչդեռ, ըստ ընդդդիմության ներկայացուցչի, ձախողվում է ոչ թե կոնկրետ քաղաքական ուժը կամ անձը, այլ՝ ողջ երկիրը։ «Ամեն անգամ կեղծվում են ընտրությունները, եւ մարդիկ ուզում են, որ կեղծված ընտրություններից հետո իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները լինեն բնականոն»,-դժգոհեց ՀԺԿ ղեկավարը՝ հավելելով, թե պետք է մի օր, ի վերջո, դուրս գալ փակ շղթայից եւ օրենքի տառին համապատասխան ընտրական գործընթաց կազմակերպել։
ՀԺԿ ղեկավարը նկատեց նաեւ, որ արտահերթ, ազատ ու արդար ընտրությունների անցկացումը օրվա հրամայականն է, որը հնարավորություն կտա թոթափել ներքաղաքական ու արտաքին քաղաքական գնալով խորացող ճգնաժամը։ Դիտարկմանը, թե իշխանությունները յուրաքանչյուր ընտրությունից հետո բարեփոխում են «Ընտրական օրենսգիրքը», ՀԺԿ ղեկավարն արձագանքեց. «Ամենավատ «Ընտրական օրենսգրքով» էլ կարելի է անցկացնել լավ ընտրություններ», այնպես որ, ընդամենը ցանկություն ու քաղաքական կամք է հարկավոր։
ՀԺԿ ղեկավարը միաժամանակ ընդգծեց, որ ընդդիմությունը թե՛ 2003-ին, թե՛ 2008-ին , եւ թե՛ այժմ, կողմ է եղել իշխանափոխության սահմանադրական ճանապարհին։ «Մենք չենք ցանկանում, որպեսզի Հայաստանում կրկնվի ղըրղըզական սցենարը, այլ ուզում ենք, որպեսզի ձեւավորվի իշխանափոխության ժողովրդավարական ավանդույթը»,-հայտարարեց ՀԺԿ ղեկավարը։


























