ՀՀ Ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով խախտվել են մարդկանց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարության մեջ:
«Մայիսի 31-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա (Սարյանի արձանին հարող տարածք): Սարյանի արձանի մոտակայքում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ: Ներկա էին նաեւ լրագրողներ եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ: Ժամը 19-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, արգելելով մի խումբ քաղաքացիների մուտքը Ազատության հրապարակ, Սարյանի արձանին հարող տարածքից որոշ քաղաքացիների փորձել են հրավիրել ՀՀ Ոստիկանության բաժին, ըստ Ոստիկանության ներկայացուցչի, նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն վերցնելու նպատակով: Սակայն, ի պատասխան Ոստիկանության ներկայացուցիչների պահանջների՝ մի խումբ քաղաքացիներ դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ եւ դիմել են սադրանքների, ընդ որում, ըստ նախնական տվյալների, սադրանքներ հրահրողները ներկայացել են որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Վերջիններս ձերբակալված են, եւ քննության արդյունքներով կպարզվի միջադեպի մանրամասները:
Հունիսի 1-ին, ժամը 18-ի սահմաններում, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա (Սարյանի արձանին հարող տարածք): Սարյանի արձանի մոտակայքում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ: Ներկա էին նաեւ լրագրողներ եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ:
Սարյանի արձանի մոտակայքից ժամը 19-ի սահմաններում ՀԱԿ-ի ներկայացուցիչները մի խումբ լրագրողների ուղեկցությամբ շարժվեցին Ազատության հրապարակի ուղղությամբ: Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը հսկում էին ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, որոնք արգելում էին վերը նշված անձանց մուտքն Ազատության հրապարակ, ինչի կապակցությամբ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից չի տրվել իրավական որեւէ հիմնավորում»,- ասված է օմբուդսմենի հայտարարության մեջ:


























