Պետք է խրախուսել օտար լեզուների ուսուցումը ոչ թե օտարալեզու դպրոցներ բացելով, այլ օտար լեզուների թեքումով դպրոցների թիվն ավելացվելով՝ հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը՝ անդրադառնալով օտարալեզու դպրոցները վերաբացելու կառավարության նախաձեռնությանը։
Նա ասաց նաեւ, որ ինքն էլ է ավարտել անգլիական թեքումով 114-րդ դպրոցը եւ շատ գոհ է ստացած կրթությունից։ «Առհասարակ, կրթական համակարգում մենք շատ լուրջ պրոբլեմներ ունենք։ Ամեն նախարար իր ճաշակով սկսում է բարեփոխել կրթական ոլորտն ու էքսպերիմենտներ անել»,-նկատեց ՀԺԿ ղեկավարը։
Անդրադառնալով օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ բողոքողներին՝ Դեմիրճյանը նկատեց, թե այդ նույն մարդիկ չգիտես ինչու՝չեն խոսում «երկրում տիրող մյուս այլանդակությունների եւ տարրական արդարություն հաստատելու մասին»։ «Երբ երկրում արդարություն եղավ, աշխատանք եղավ, երկիրը զարգացավ, լեզվի հարցն էլ, մյուս բոլոր հարցերն էլ կլուծվեն»,-նկատեց ընդդիմության ներկայացուցիչը։ Դիտարկմանը, թե հայ պաշտոնյաներից շատերը, օրինակ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չեն տիրապետում օտար լեզուների, եւ այդպիսի պաշտոնյաները այլ երկրներում ներկայացնում են Հայաստանը, ՀԺԿ ղեկավարն այսպես արձագանքեց. «Այս թեմայով կարելի է շատ երկար խոսել։ Այդ երկրներում հասկանում են, թե ի՛նչ մակարդակի մարդիկ են բարձր պաշտոնների տիրանում եւ հասկանում են, որ կրթությունն այդ պաշտոնյաների համար բացարձակապես անհրաժեշտություն չէ»։
Հիշեցնենք, որ 2009 թվականին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽ անդամ 47 պետություններին նամակ էր հղել, որում 50-ի հասնող ուղղագրական եւ ոճական սխալներ կային։


























