Երկրում այժմ ոչ թե կայունություն է, այլ ապատիա, դեպրեսիա ու հուսալքություն՝ հունիսի 2-ին լրագրողների ետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը՝ անդրադառնալով երեկ Դոնի Ռոստովում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին, թե Հայաստանի ներքաղաքական կյանքը կայուն է եւ հակաճգնաժամային միջոցառումները տալիս են իրենց արդյունքները։ «Սա այն կայունությունը չէ, որը պետք է երկրին։ Մենք կողմ չենք երկիրը պերմանենտ ընտրությունների մեջ պահելուն, պարզապես պետք է վերջ տրվի ընտրությունները կեղծելու արատավոր ավանդույթին ու պետք է անցկացնել նորմալ ընտրություններ։ Ավելորդ է խոսել կայունություն մասին, կարելի է խոսել ապատիայի, դեպրեսիայի, հուսալքության մասին։ Բայց մեծ հաշվով, մեր հասարակությունը չի համակերպվել անարդարությունների եւ բռնությունների հետ, եւ հանուն ազատության պայքարն իր արդյունքը տալու է»,-նկատեց ՀԺԿ ղեկավարը։
Ինչ վերաբերում է հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետությանը, ապա այս մասին ընդդիմության ներկայացուցիչն ասաց. «Շարունակվում է նույն քաղաքականությունը, խորանում է սոցիալական բեւեռացվածությունը, աճել է արտագաղթը... Եւ այս առումով, ես նույնպես որեւէ առաջընթաց չեմ տեսնում»։
Ստեփան Դեմիրճյանն անդրադարձել է նաեւ Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւին, որում Հայաստանին կոչ է արվում զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից։ Բանաձեւը ՀԺԿ ղեկավարը գնահատեց ոչ հայանպաստ, միաժամանակ նշելով, թե շատերն իրենց մխիթարում են՝ ասելով, որ այդ բանաձեւը պարտադիր կիրառման չէ, հետեւապես չպետք է մտահոգության տեղիք տա։ «Վատ չէր լինի, որ նման իրավական ուժ չունեցող բանաձեւեր ընդունվեին ի շահ Հայաստանի»,-նկատեց Դեմիրճյանը՝ ընդգծելով, թե նման փաստաթղթերը միջազգային հանրության մոտ ոչ բարենպաստ կարծիք են ձեւավորում Հայաստանի վերաբերյալ։ Իսկ որպեսզի չեզոքացվեն նման բանաձեւերի բացասական հետեւանքները, ըստ Դեմիրճյանի՝ պետք է իշխանությունները զբաղվեն ներքին խնդիրների լուծմամբ եւ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմամբ։ «Իսկ դրա համար պետք է երկրում անցկացվեն ազատ, արդար համապետական ընտրություններ։ Մնացածը ավելորդ խոսակցություններ են»։
Հարցին, թե արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ՀԺԿ-ն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու, առանձի՞ն, թե՞ ՀԱԿ-ի հետ դաշինք կազմած, ՀԺԿ ղեկավարն արձագանքեց, որ իրենք մշտապես ողջունել են համախմբված պայքարի գաղափարը։ Իսկ հատկապես այժմ նման համախմբումը առավել քան հրատապ է, քանի որ պետք է երկրում վերականգնել սահմանադրական կարգը:


























