Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ` «Հայկական մշակույթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակներում հունիսի 1-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» սրահում տեղի ունեցավ ժամանակակից հայ գեղանկարիչ Արշակ Ներսիսյանի անհատական ցուցահանդեսը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով հայ գեղանկարչին` դեսպան Մանասարյանը նշել է, թե ցուցասրահում ներկայացված նմուշների միջոցով այս օրերին բուլղար արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու բուլղարաբնակ հայ գեղանկարչի աշխատանքներին, որոնք երկու ժողովուրդների բարեկամության եւ մշակութային ընդհանրության եւս մի վառ ապացույց են:

Նկարչին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Դիմիտր Դերելիեւը։ Իր ելույթում փոխնախարարը նշել է, որ Արշակ Ներսիսյանի գործերը մշակութային նոր կամուրջ են Բուլղարիայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Բուլղարիայի պատգամավորներ, ԱԳՆ, մշակույթի եւ գիտության ու կրթության նախարարությունների ներկայացուցիչներ, Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ։