Արորդաց ուխտի Քրմական խորհուրդը հայտարարություն է տարածել «Լեզվի մասին» օրենքի փոփոխության առաջարկի կապակցությամբ, որում ասվում է.
«Հայոց պետականությունը կոչված է ծառայելու ազգին, նպաստելու նրա առաջընթացին: Խոսքն առաջին հերթին մշակութային ու գիտական զարգացման մասին է, որն ամենայն բարիքի հիմքն է:
Օտար կայսրությունները հայոց ազգի մտավոր ներուժն իրենց ծառայեցրին` օտարամոլությունը փորձելով դարձնել հայի կենսակերպ:
Անկախության շրջանում մի պահ թվաց, թե անցյալի գիրկն են անցնելու օտարի թելադրանքով Հայաստանը կառավարելու ժամանակները:
Պայմաններ ստեղծվեցին հայությունը համախմբելու, ազգային ինքնագիտակցությունը նոր որակի հասցնելու, ի վերջո, հզոր ու հարգանքի արժանի երկիր կառուցելու համար:
Ցավոք, «անցումային» կոչվող փուլը դարձավ այն շրջանը, որի սահմանից դուրս գալն արդեն դառնում է գերխնդիր: Ավելին, փորձ է արվում վերադառնալու այն ժամանակներին, երբ հայոց հինավուրց ու հզոր լեզուն վեր էր ածվել կենցաղայինի, իսկ հայկական կրթությունը դարձել էր ծաղրելի մի բան: Գիտության ու մշակույթի ոլորտներում տիրապետողն օտարի լեզուն էր, որով ՀԽՍՀ-ում ապրող հայերը միջնորդավորված առնչվում էին այլ ազգերի ստեղծած մշակույթին: Մինչդեռ Հայոց լեզուն աշխարհի այն փոքրաթիվ հզոր լեզուներից է, որով հնարավոր է արտահայտել գիտական, հոգեւոր, մշակութային ցանկացած միտք:
«Արորդաց ուխտը», որպես հայոց ազգային արժեքները սրբացնելու, ազգային նկարագիրը պահպանելու, ավանդականի հիմքով գիտության ձեռքբերումները մեր ազգի սեփականությունը դարձնելու եւ այդ հիմքով հզոր պետություն կերտելու ջատագով, կտրականապես դեմ է օտարալեզու կրթահամակարգին վերադառնալու գաղութարար քաղաքականությանը:
Օտարալեզու դպրոցներ հիմնելու կառավարության ջանքերը հայոց տան սյուները քանդելու, հայ մարդուն արժանապատվորեն ապրելու իրավունքից զրկելու կոպիտ նախաձեռնություն են»:


























