«Քաղբանտարկյալների կողմից ներման խնդրագիր գրելը անթույլատրելի է, քանի որ ներման խնդրագիր գրում են հանցագործները, ովքեր հանցանք են կատարել, զղջացել են իրենց կատարածի համար։ Ներում են խնդրում, եւ երաշխավորում, որ ապագայում իրենք որեւէ հակաօրինական արարաք թույլ չեն տա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որեւէ հանցանք չի կատարել, որ ներման խնդրագիր գրի։ Նա որեւէ օրենք չի խախտել, որ զղջա իր խախտման համար։ Հետեւաբար ներման խնդրագիր գրելու խորհուրդ տվողները շատ օրիգինալ չեն իրենց խորհուրդներով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հանձնախմբի ղեկավար, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։
Նա այս կերպ է հակադարձել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, ով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հնարավոր ազատ արձակման վերաբերյալ հայտարարել էր. «Հնարավոր իրավական լուծումը, միակ գործիքը, որ մնացել է այս պահին, դա ներման իրավունքն է, որը դիտարկվում է համապատասխան դատապարտված անձի դիմումի պարագայում: Ինչքանով ինձ հայտնի է, նման դիմում չկա, եւ ես այլ իրավական լուծումներ այս պահին չեմ տեսնում»։
Գագիկ Ջհանգիրյանը նշել է նաեւ. «Ես իրավական լուծում եմ համարում բոլոր անմեղ դատապարտվածների արդարացում, կրած բարոյական ու նյութական վնասների փոխհատուցում, եւ բոլոր մեղավորների պատժում։ Այնպես որ, Դավիթ Հարությունյանը թող գյուտ չանի»։ ՀԱԿ ներկայացուցիչը հավելել է, թե իշխանությունների կարծիքով, Նիկոլ Փաշինյանի գործով ներպետական բոլոր ատյանները սպառված են եւ ուզում են ասել՝ թող Նիկոլ Փաշինյանը ներման դիմում գրի, իրենք էլ կազատեն։ «Քանի որ այդ բոլոր դատական ակտերը ապօրինի են ու անհիմն, ուստի ես ներպետական իրավական միջոցները սպառված չեմ համարում։ Մենք ունենք նոր ի հայտ եկած հանգամանքի ինստիտուտ եւ բազմաթիվ այլ լծակներ»։
Հիշեցնեք, որ Ն.Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։


























