«Մայիսի 31-ին ոստիկանական բաժանմունք տարված 17 քաղաքացիներից 3-ին, այդ թվում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին ձերբակալել են շինծու մեղադրանքներով, ինչպես միշտ՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքի հիման վրա»՝ ասված է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարած հայտարարության մեջ: Դրանում նաեւ ասվում է. «Ազատության հրապարակը 2008թ. մարտիմեկյան ջարդից ու սպանդից, ապօրինաբար հայտարարված արտակարգ դրությունից ի վեր ոստիկանության կողմից փակված էր քաղաքացիների համար։ Ոստիկանությամբ շրջափակված այդ հրապարակում անցկացվեց չընտրված նախագահի երդման արարողությունը, ինչից հետո անհիմն երկար՝ երկու տարի ժամկետով այն դարձվեց շինհրապարակ՝ հույս ունենալով, որ այդ ընթացքում կմարի համաժողովրդական շարժումը։ Այդ ծրագիրը տապալվեց, հույսը չիրականացավ եւ այսօր, հրապարակի բացումից հետո իշխանությունն ստիպված է դիմել ցցուն ապօրինությունների՝ ընդհուպ զբոսնելու համար հրապարակի մուտքերը փակելով։ Ընդ որում, հրապարակ պարզ մուտք գործելը արգելվում է միայն քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին, որոնց բոլորին արդեն դեմքով ճանաչում են։ Նաեւ խոչընդոտվում են մեկ կամ մի քանի քաղաքացիների՝ իրենց սահմանադրական իրավունքների իրացման շրջանակներում որեւէ ակցիա՝ խաթարելով այդ հրապարակում նման միջոցառումների անցկացման երկու տասնամյակի ընթացքում ձեւավորված ավանդույթը»:
Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ասված է հայտարարության մեջ, առայժմ որոշում չի ընդունել Ազատության հրապարակում միջոցառումներ անցկացնելու մասին, «սակայն իրեն հասու բոլոր միջոցներով, ներառյալ բարոյական, քաղաքական ու իրավական աջակցությունը, պաշտպանելու է այն անհատներին, քաղաքացիներին, ովքեր տարբեր հավաքներ, անհատական կամ խմբային ակցիաներ անցկացնելու իրենց իրավունքը կորոշեն իրացնել դրա համար ավանդական դարձած Ազատության հրապարակում»: «Վստահեցնում ենք, որ Ազատության հրապարակը բացվելու է ու շարունակելու է գործել որպես ազատ խոսքի, ազատությունների ընդլայնման ու մարդու իրավունքների իրացման տեղ, ինչպիսին այն եղել է, ու մնալու է այդպիսին այս եւ հաջորդ իշխանությունների օրոք։ Իսկ այսօրվա օրինախախտները, ապօրինի հրամաններ տվողները եւ կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»,-նշված է ՀԱԿ հայտարարության մեջ։


























