Հայ ազգային կոնգրեսը համոզված է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխություններով ՀՀ իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` թվայնացման գործընթացը ծառայեցնել` խոչընդոտելու  անկախ որեւէ հեռուստատեսության մուտքը եթեր, մասնավորապես՝ արգելելու 2002 թ. ապօրինաբար փակված «Ա1+» վերաբացումը:

«Ա1+»-ի հարցով Եվրոպական դատարանի որոշումը չկատարելու եւ ընդհանրապես հեռուստաեթերը իշխանության խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով «իշխող վարչախումբը չի խորշել խաբեության, պետական շահի ոտնահարման, հանցավոր անգործության, սահմանադրական իրավունքների խախտման եւ անարժանապատիվ հնարքների որեւէ փորձից»: Այս մասին ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

«2002-2008թթ. առանց հիմնավորումների եւ արժանահավատ տեխնիկական աուդիտի  հայտարարեցին, որ Հայաստանում հասանելի են միայն 22 անալոգային հաճախականություններ, եւ շինծու մրցույթներով «ապահովեցին» Ա1+-ի «պարտությունը»՝ բոլոր 22 հաճախականությունները տրամադրելով հլու-հնազանդ հեռուստաընկերություններին, որոնք նախագահականի հրամանով են լուսաբանում քաղաքական նորությունները եւ անցուդարձը, անում զավեշտալի քայլեր՝ ընդհուպ մինչեւ ընդդիմության ասուլիսների կոլեկտիվ «բոյկոտները»:

Երկու տարի խնդիրն անհիմն ձգձգելուց հետո ՀՀ կառավարությունը պատրաստել է թվայնացման մի ծրագիր, որով մոտակա տարիներին կթվայնացնեն ՀՀ տրամադրության տակ գտնվող 11 անալոգային հաճախականություններից միայն 4-ը, ինչի հետեւանքով հեռարձակման հնարավորություն կստանա միայն 18 հեռուստաընկերություն: Իսկ դա նշանակում է, որ հակառակ երկու տարի առաջ տրված խոստումների, պետական շահագործման մուլտիպլեքսների գործարկմամբ ոչ միայն չեն ավելանալու հեռարձակաման հնարավորությունները, ինչը կվերացներ անկախ հեռուստատեսությունների գործունեության համար բոլոր տեխնիկական խոչնդոտները, այլ հակառակը` կրճատվելու են անգամ եղածները: Իսկ մասնավոր մուլտիպլեքսների մուտքը նախատեսվում է միայն 2015 թվականին այն էլ` անորոշ պայմաններով:

Նման անմեղսունակ ծրագրի հիմնավորման համար ՀՀ իշխանությունները որեւէ հոդաբաշխ պատասխան չեն տալիս հասարակության, անկախ փորձագետների, հեռարձակման բնագավառում մասնագիտական հետաքրքրություն ունեցող կազմակերպությունների հարցերին:

Թվայնացման ծրագրի հետ կապված ֆինանսական եւ տեխնիկական ասպեկտների ապօրինի քողարկումը հանրությունից եւ ոչնչով չհիմնավորված, հեռարձակման ոլորտում արհեստական սահմանանափակումներ պարունակող  թվայնացման ծրագիրը ուղղված է երկու նպատակի.

1. պահպանել իշխանության վերահսկողությունը հեռուստառադիոյի ոլորտի նկատմամբ, մասնավորապես՝ շարունակել Ա1+ հեռուստատեսության ապօրինի արգելումը,

2. սահմանել վարչախմբի կոռուպցիոն հնարավորությունները խոստումնալից հեռանկարներ ունեցող հեռահաղորդակցության բնագավառում:

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է հրաժարվել հեռահաղորդակցության բնագավառում արհեստական եւ անհիմն սահմանափակումներ ստեղծող այդ հակապետական եւ հակաժողովրդական ծրագրից եւ Ազգային ժողով ներկայացվելիք օրինագծում  ընդգրկել համապատասխան միջազգային եւ տեղական մասնագիտական կազմակերպությունների առաջարկները, որոնք ուղղված են խոսքի ազատության եւ անկախ հեռուստատեսության հեռարձակման հնարավորությունների ապահովմանը, կերաշխավորեն բնագավառի կառավարման թափանցիկությունը եւ հաշվետվությունը հանրության առջեւ»,- ասված է հայտարարության մեջ: