«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի ձերբակալության 72 ժամն այսօր ժամը 18.30-ին լրանում է։ Համապատասխան քրեական գործի վարույթը, որի շրջանակներում «ՀԺ» լրագրողը ձերբակալվել է, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Գործով որեւէ այլ դատավարական գործողություն չի կատարվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անիի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ «այս պահի դրությամբ քրեական գործ չի հարուցվել»:
NEWS.am-ը տեղեկություն էր ստացել, որ հայտնվել է երկրորդ ոստիկանը, ով ցուցմունք է տվել եւ ասել, որ տեսել է, թե ինչպես է Անի Գեւորգյանը հարվածել իր գործընկերոջն ու ցավ պատճառել։ Երվանդ Վարոսյանն այս մասին ասաց. «Քանի դեռ այս պահի դրությամբ քրեական գործ չի հարուցվել, որեւէ բան ասել չեմ կարող։ Գուցե հինգ ոստիկան նման ցուցմունք տան, կամ՝ ողջ ոստիկանությունը, դա Հայաստանում սովորական երեւույթ է»: Հարցին, թե ի՞նչ ելք կունենա գործը, փաստաբանը դժվարացավ ասել՝ նշելով. «Ես արդեն երկու տարի է՝ Հայաստանում ոչ մի բան չեմ կանխորոշում»: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե հոգեբանական ու առողջական ի՞նչ վիճակում է մեր գործընկերը։ Փաստաբանը վստահեցրեց, որ «Անիի հոգեբանական վիճակը փայլուն է»: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա նշենք, որ Անին ոստիկանություն բերման ենթարկվելիս որոշ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնք, սակայն, փաստաբանի խոսքով, չեն ազդում նրա հոգեկան վիճակի վրա։
Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը մայիսի 31-ին Սարյանի արձանի մոտից որպես կասկածյալ բերման էր ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին, ապա՝ ձերբակալվել։ Նա կասկածվում է իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։


























