Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն է սկսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հերթական` հինգերորդ հավաքը: Հավաքին  մասնակցում են Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում եւ կառույցներում ծառայող շուրջ 85 միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ): Նախորդ հավաքները գումարվել են 1988, 2001, 2003 եւ 2006 թվականներին:

Միաբանական հավաքին ներկա են եղել Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների միաբաններ` երկու ներկայացուցիչ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, մեկական ներկայացուցիչ Երուսաղեմի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքություններից:

Միաբաններին հայրապետական իր պատգամն ու օրհնությունն է բերել Գարեգին Բ կաթողիկոսը: Նա անդրադարձել է եկեղեցականի նկարագրին` նշելով, որ հոգեւորականի անձնական շահը երբեք չի կարող գերադասվել ազգի եւ Եկեղեցու շահից: Նա հորդորել է միաբաններին օրինակելի վարքով եւ հոգեւոր կոչման բարձր գիտակցությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունը, ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Միաբանական հավաքի առաջին օրվա ավարտին Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը կատարվել է հոգեհանգստյան արարողություն` Մայր Աթոռի հանգուցյալ միաբանների համար: