«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն բացասական հետեւանքներ կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ իր՝ Քոչարյանի համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահի, այդ թվում՝ «Ժառանգության» աջակցությամբ, վերադարձի մասին լուրերը:
Լարիսա Ալավերդյանը կտրականապես հերքել է Ռոբերտ Քոչարյանին «Ժառանգության» աջակցության մասին լուրերը: «Նման խնդիր ընդհանրապես չկա: Մենք ժամանակին անողոք քննադատել ենք Քոչարյանին: Բացի այդ, եթե մյուս քաղաքական ուժերը հանդես են գալիս իշխանափոխության օգտին, ինչը կարող է նշանակել պարզապես կառավարող վերնախավերի փոփոխություն, «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է գալիս գլոբալ փոփոխությունների, նոր անձանց եւ ուժերի իշխանության գալու օգտին»,- նկատել է Ալավերդյանը: Նրա խոսքով, Հայաստանում քաղաքական ավանդույթները հետեւողականորեն մի վերնախավից մյուսին են փոխանցվում: Ուստի, նրա կարծիքով, արմատական փոփոխությունների կարիք կա:
Մեկնաբանելով լուրերը, թե «Ժառանգությունը» համագործակցում է «Բարգավաճ Հայաստանի» հետ՝ Ալավերդյանը նկատել է, թե այդ քաղաքական ուժերը գործում են քաղաքական տարբեր ճամբարներում: «Չեմ կարծում, թե ԲՀԿ-ն, որի կորիզը խոշոր գործարարներն են, կարող է անցնել ընդդիմադիր դաշտ, իսկ «Ժառանգությունն» իր հերթին մտադիր չէ համալրել իշխանության շարքերը, ուստի համագործակցության հարցը արդիական չէ»,- ասել է պատգամավորը:
Լարիսա Ալավերդյանը հայտնել է նաեւ, որ «Ժառանգության» համագումարը կայանալու է այս ամռանը:


























