Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մասնակցելու է հերթական համապետական  ընտրություններին եւ նպատակ ունի միավորել ձախակենտրոն ուժերին՝ հունիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի դեմոկատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Ինչ վերաբերում է հարցին՝ հերթակա՞ն կլինեն այդ ընտրությունները, թե՞ արտահերթ՝ Արամ Սարգսյանը էական չի համարում, միաժամանակ նկատելով, որ երկրում այժմ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախադրյալներ չկան։

«Եթե  ֆորսմաժոր չլինի, ապա կլինեն հերթական ընտրություններ»,-նկատեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ  քաղաքական ուժերի մոտ չի տեսնում պատրաստվածության այնպիսի աստիճան, որը հնարավորություն կտար հասարակական մեծ ալիք բարձրացնել ու այդ ալիքի վրա գալ իշխանության։ Այդ է պատճառը, որ ՀԴԿ ղեկավարը արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները համարում է «քաղաքական ներկայացման դրվագներից մեկը»։ Դեմկուսի ղեկավարը միաժամանակ ընդգծեց, որ պետք է քայլեր ձեռնարկել՝ հասարակական մթնոլորտը փոխելու ուղղությամբ, ինչն էլ թույլ կտա, որ  ընտրությունների միջոցով իշխանության գան այն քաղաքական ուժերը, որոնք կստանան ժողովրդի քվեն։