Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամ հանդիսացող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (CSI) պահանջել է անհապաղ ազատ արձակել օրերս ձերբակալված «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթկաից Անի Գեւորգյանին եւ ՀԱԿ-ի երկու ակտիվիստներին:
«2010թ. մայիսի 28-ից ընդդիմության մի խումբ ակտիվիստների մուտքը Ազատության հրապարակ արգելվում է ոստիկանության կողմից։ Մայիսի 31-ին փորձ արվեց արգելել ակտիվիստներին անցնել Մաշտոցի պողոտան, այնուհետեւ նրանց կանգնեցրեցին Ազատության հրապարակի մերձակա տարածքում եւ դուրս մղեցին դեպի Սարյանի արձան։ Ոստիկանության բիրտ գործողությունների արդյունքում առաջացավ մոտ 1 ժամ տեւած քաշքշուկ, որը զուգորդվում էր երկկողմանի վիրավորանքներով։ Մի շարք քաղաքացիական հագուստով մարդիկ կատարում էին ոստիկանների հրահանգները եւ նրանց հետ համատեղ իրականացնում էին ուժային գործողություններ։ Արդյունքում 17 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանություն, որոնցից 3-ը՝ Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գեւորգյանը եւ լրագրող Անի Գեւորգյանը ձերբակալվեցին եւ դեռեւս գտնվում են անազատության մեջ։ Նույն օրը երեկոյան ոստիկանները ուժային գործողությունների դիմեցին Կենտրոն ոստիկանության բաժնի մոտակայքում հավաքված իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այլ անձանց նկատմամբ»,- նշել են հայտարարութան հեղինակները։
CSI-ը նշել է նաեւ, որ «ոստիկանության նման գործողությունները չունեն օրինական հիմնավորում, խախտում են ՀՀ քաղաքացիների արտահայտվելու եւ ազատ տեղաշարժի իրավունքը եւ լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակությունում»։
«Գտնում ենք, որ Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Անի Գեւորգյանին անազատության մեջ պահելն անհիմն է։ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։ Դադարեցնել քաղաքացիների արտահայտվելու եւ ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակումները։ Հետաքննել եւ պարզել քաղաքացիական հագուստով անձանց՝ ոստիկանության գործողություններին մասնակցության հանգամանքները»,- ասված է հայտարարության մեջ։


























