Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես դիմել Հաագայի միջազգային դատարան եւ Վաշինգտոնի արբիտրաժային դատարան՝ Իսրայելի դեմ հայցով:
Անկարան երկու հայց է ներկայացնելու Իսրայելի դեմ: Առաջինը՝ այսպես կոչված «Ազատության նավատորմի» վրա իսրայելական հարձակման արդյունքում զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին փոխհատուցում վճարելու պահանջով, երկրորդը՝ միջազգային ծովային կոնվենցիայի խախտման փաստով, որ իբր Թել-Ավիվը խախտել է այն՝ միջազգային ջրերում հարձակվելով նավատորմի վրա:
Համաձայն թուրքական ԶԼՄ-ների, Ստամբուլի դատախազությունն արդեն հետաքննություն եւ փաստահավաք է սկսել: Արդեն վկաներից առաջին ցուցմունքներն են վերցվել: Չի բացառվում, որ Թուրքիան, որ գտնվում է Եվրոպական դատարանի իրավասության շրջանակներում, դիմի նաեւ այդ դատարանին:
«Այդ հանցագործությունը չպետք է անպատիժ մնա, եւ մենք կանենք հնարավորը, որ մեղավորների նկատմամբ հասնենք արդարադատության»,- ասված է Թուրքիայի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

























