«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերի (որոնք ենթադրում են Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել) առնչությամբ Հայաստանի Ազգային ժողովի շենքի առաջ բողոքի ակցիա է տեղի ունեցել։
Նշենք, որ նախախաձեռնությունն այժմ քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովում։ Մի քանի տասնյակ ցուցարարները, մասնավորապես, պահանջել են դուրս բերել այդ օրինագիծը խորհրդարանի օրակարգից։ Նրանք ձեռքերում ունեցել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որպես «հակազգային» նախաձեռնության հեղինակ, պաշտոնից ազատելու կոչերով ցուցապաստառներ։ Սակայն նախարար Աշոտյանին, ինչպես երեւում է, ակցիան եւ դրա կազմակերպիչներն առանձնապես չեն անհանգստացրել, քանի որ նա հանգիստ անցել է ցուցարարների կողքով եւ առանց նրանց հետ զրուցելու մտել խորհրդարանի շենք։ Դա ավելի է զայրացրել ակցիայի մասնակիցներին։


























