Իսպանական Բարսելոն քաղաքում լույս է ընծայվել Աշոտ Արծրունու Հայ ժողովրդի պատմություն (Historia del Pueblo Armenio) գրքի նոր` չորրորդ հրատարակությունը իսպաներենով:
Հայ ժողովրդի պատմությունը առաջին անգամ լույս է տեսել 1965թ. Բուենոս Այրեսում (Արգենտինա)` ցեղասպանության հիսունամյակի առթիվ:
Հեղինակ Աշոտ Արծրունին այն գրել էր հայերեն լեզվով, իսկ նրա որդին` Ռուբենն այն թարգմանել էր իսպաներեն: Գիրքը վերահրատարակվել է 1971 եւ 1978թթ., իսկ պորտուգալերեն տարբերակը լույս է տեսել 1976թ.:
Մեծածավալ այս աշխատանքն ընդգրկում է չորս հազարամյակ` հայ ժողովրդի պատմությունն իր ծագումից մինչեւ մեր օրերը: Գրքի առանձնահատկությունն այն է, որ հայոց պատմությունը ներկայացվում է հարեւան ժողովուրդների եւ համաշխարհային իրադարձությունների համատեքստում: Գրքի նախաբանների հեղինակներն են լրագրողներ Օսվալդո Բայերը (Արգենտինա), Գեւորգ Յազըճյանը (Հայաստան) եւ Խոսե Անտոնիո Գուռիարանը (Իսպանիա): Գիրքը ներկայացվել է Բուենոս Այրեսի 36-րդ Գրքի միջազգային ցուցահանդեսում, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ատենեո մշակութային կենտրոնում:
Գիրքն առաջիկայում կներկայացվի նաեւ Հայաստանում:


























