«Հայրենի խորհուրդ» միավորումը կարծում է, որ «ըստ պետություն ստեղծած ազգի պատգամի` Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի բնույթով հայկական, կարգավիճակով ինքնիշխան, կառավարման ձեւով ժողովրդավարական»: Նրանց տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հայոց պետության ինքնիշխանության ապահովման առաջին փուլը իրավական կարգավիճակի ամրագրումն էր, երկրորդը պետության հայկական բնույթի ապահովումը պետք է լիներ: Կարգավիճակն ամրագրվել է, բնույթը` խեղաթյուրվել: Մեր ազգային պետության բովանդակությունը որոշող կրթամշակութային քաղաքականությունը լուրջ ճշգրտումների կարք ունի:
Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու օրենսդրական նախաձեռնությունը պատահականություն չէ, սա մեր երկրի հոգեւոր ոլորտի քաղաքականության պատկերն է: Եթե այսպիսի խնդիր ստեղծելը հնարավոր է դարձել, ուրեմն վտանգված է մեր պետականությունը. Ազգապահպանության համակարգը չի գործում, պետական կառավարման համապատասխան օղակները չեն կատարում Սահմանադրության պահանջները:
«Հայրենի խորհուրդ» միավորումը կազմակերպվել է հայոց ազգային արժեքների պաշտպանության հրամայականով:
Ստեղծված իրավիճակում «Հայրենի խորհուրդը» իր առաջնահերթ խնդիրն է համարում պետական լեզվի` հայերենի, իրավունքների պաշտպանությունը:
Հայոց արժեհամակարգի պաշտպանությամբ մտահոգ անհատներին, կազմակերպություններին հրավիրում ենք համագործակցության: Կառավարման համակարգի բացթողումների հանդեպ անտարբեր լինել չենք կարող: Հայոց պետության հենքը անհրաժեշտ է այնպես ամրացնել, որ ոչ ոք չհամարձակվի մեր ինքնությունը խաթարող քայլեր անել»:


























