Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել. այս տարի վրացական գրականության օրերը մեզ մոտ կանցկացվեն հունիսի 7-ից 12-ը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։

Նրա խոսքով, արդեն չորրորդ տարին է, ինչ Վրաստանում կազմակերպվում են հայկական, իսկ Հայաստանում՝ վրացական գրականության օրեր։ «Միջոցառումներն իրականացվում են երկու երկրների գրողների միությունների եւ մշակույթի նախարարությունների ջանքերով»,- տեղեկացրեց Անանյանը՝ ավելացնելով, որ իրենց կողմից կազմակերպված միջոցառումների շարքը, Երեւանից բացի, ներառելու է նաեւ հանրապետության այլ քաղաքներ, ինչպես օրինակ Գյումրին։

«Գյումրիում տեղի կունենա արդի վրացական արձակ գրականության, իսկ Երեւանում՝ բանաստեղծուհի Գոնաշվիլու «Արեւի արցունք»  չափածո ժողովածուների շնորհանդեսը»,- տեղեկացրեց Անանյանը՝ հավելելով, որ Հայաստան հրավիրված տասը վրացի գրողներին, ծրագրի շրջանակներում, իրենք մտադիր են հրավիրել հայ մի շարք բանաստեղծների եւ արձակագիրների տուն-թանգարաններ, Մատենադարան, անցկացնել համատեղ քննարկումներ, այցելել Էջմիածին, Նորավանք եւ Ծաղկաձոր։

«Ինչ վերաբերում է Վրաստանում հայ գրականության օրերի անցկացման ժամկետներին, դրանք դեռեւս պարզ չեն եւ հայտնի կդառնան միայն երկկողմ քննարկումների արդյունքում»,- ամփոփեց  Հայաստանի Գրողների միության նախագահը։