Հայ ազգային կոնգրեսը համարում է, որ իշխող վարչախումբը ի դեմս ՀԱԿ-ի տեսնում է ապօրինի իր իշխանության միակ գերազմանափորին: ՀԱԿ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հատուկ քննչական ծառայությունը հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակեց Անի եւ Հայկ Գեւորգյաններին, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Նրանք մայիսի 31-ին ոստիկանություն տարված այն 17 քաղաքացիներից էին, որոնց ոստիկանությունը ապօրինաբար թույլ չէր տվել մտնել Ազատության հրապարակ՝ խախտելով նրանց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը։ Ընդ որում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի տրամադրության տակ է եղել նաեւ մի ոստիկանի ցուցմունք, որ հենց Դավիթ Քիրամիջյանին են այդ ընթացքում ծեծի ենթարկել։ Դրա համար նրա գործում բացակայել են իրավական եւ քրեաիրավական հիմքերը եւ հենց ինքն է բռնությունների ու ծեծի ենթարկվել բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցների կողմից։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է կատարված բացահայտ ապօրինությունները: Դրանք մարդու իրավունքների խախտումներ են, ինչը, համոզված ենք, կարժանանանա տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների արժանի հակազդեցությանը:

Ազատության հրապարակը աչալուրջ հսկողության տակ պահելը, օրենքով թույլատրված ոչ զանգվածային ակցիաների, անգամ զբոսնելու համար ընդդիմադիրների մուտքն արգելելը վկայություն է 2008թ. փետրվարյան հանրահավաքներից հետո վարչախմբի «չբռնված» ու բնազդային վախի, որ դարձել է վերջինիս հոգեբանության առանցքը։ Ակնհայտ այս իրողությունը, երիտասարդ ակտիվիստների ապօրինաբար ձերբակալելը, քաղբանտարկյալներին ազատ չարձակելը, նրանց թիվն ավելացնելը մատնում են վարչախմբի խուճապը և այն համոզումը, որ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի տեսնում է ապօրինի իր իշխանության միակ գերազմանափորին»: