Մալազիայի բոլոր 44 քաղաքացիների անձը, որոնք գտնվել են վթարի ենթարկված «Boeing 777»-ում, հաստատվել է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ, հանդես է եկել թագավորության տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը:

Նիդերլանդների կառավարությունը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ «МН17» չվերթի՝ անձը հաստատված ուղեւորների թիվը հասել է 289-ի, մինչ այժմ հաստատված չէ եւս 9-ի ինքնությունը: Փորձագետները չեն բացառում, որ ոմանց մարմիններն այդպես էլ չեն հայտնաբերվի:

Մալազիայի փորձագետները սպասում են «Ուկրաինայի իշխանությունների թույլտվությանը՝ «Boeing 777»-ի վթարի վայրում հետազոտությունները կրկնելու համար»:

Հիշեցնենք, որ մալազիական ավիաուղիների «Boeing 777» ինքնաթիռը, որն Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն էր իրականացնում, հուլիսի 17-ին վթարի է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում 298 ուղեւոր է եղել, վթարի հետեւանքով բոլորը զոհվել են: