ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ սենատոր Ռոբերտ Մենենդեսը վերստին ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատման անհրաժեշտությունը` նշելով, որ դա «կարեւոր» խնդիր է: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Խոսքը վերաբերում է Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին ուղղված մի շարք հարցադրումներին, որտեղ Մենենդեսը հստակորեն նշել է, որ հաշտեցումն անիրական է առանց Ցեղասպանության ընդունման եւ հարցրել, թե արդյո՞ք դեսպան Ռիկարդոնեն երբեւիցե մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին՝ Թուրքիայում իր նախկին ծառայության ժամանակ:
Ռիկարդոնեն, պատասխանելով սենատորի հարցերին, նշել է, որ ինքը չի մասնակցել հիշատակման արարողությանը, բայց հանդիպումներ է ունեցել հայոց պատրիարքի հետ, ինչպես նաեւ եղել է Հարփութում, որը մի ժամանակ ունեցել է աշխույժ հայկական համայնք:
«Հայկական Համագումարի 2010-ի Թերջենյան-Թոմաս կամավորական խմբի անունից կցանկանայի հաղորդել մեր երախտագիտությունը սենատոր Մենենդեսին` թեկնածուին մանրամասնորեն հարցաքննելու համար: Մենք լիովին համաձայն ենք Թուրքիայի` իր գնահատականի եւ հետագա զարգացման անհրաժեշտության հետ»,- նշել է Արդի օտար լեզուների ուսանողուհի Անի Թրամբլյանը, ով կամավորական աշխատանք է տանում Հայ Ազգային Ինստիտուտում:
Ռիկարդոնեին հավելյալ հարցեր դեռ ներկայացվում են, եւ դրանց պատասխանը պետք է տրվի մինչ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թեկնածության հաստատումը:



























