«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը հայտարարություն է տարածել զինծառայող Արտակ Նազարյանի մահվան կապակցությամբ, որտեղ կասկածի տակ է առնում պաշտոնական ինքնասպանության վարկածը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը ցավակցում է լրագրող Ծովինար Նազարյանին եւ նրա հարազատներին Արտակ Նազարյանի ողբերգական մահվան կապակցությամբ եւ սգում նրանց հետ միասին: Միությունը, ինչպես նաեւ մտահոգ հասարակությունը, հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքում ի հայտ եկած հանգամանքները, լուրջ կասկածներ ունի, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն էր, այլ` սպանություն կամ ինքնասպանության դրդում: Այս ողբերգությունը հերթական անգամ հաստատեց, որ երկրում առկա կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, դրան հարիր բարքերը եւ դրա արդյունքում առկա անպատժելիության մթնոլորտը դրսեւորվում են ամենուր, այդ թվում` հայկական պետականության գլխավոր հենասյուներից մեկում` ՀՀ ազգային բանակում:

Բանակում ինչպես նաեւ ամբողջ երկրում կատարվող սպանությունների եւ «ինքնասպանությունների» զգալի մասը այդպես էլ իրականում մնում է չբացահայտված, իսկ մարդասպանները (հատկապես բարձրաստիճան հովանավորներ ունեցող) շարունակում են մնալ անպատիժ ու նորանոր ոճիրներ գործել: Արտակ Նազարյանի ողբերգական մահվան իրական հանգամանքները չբացահայտելը եւ մեղավորներին խստորեն չպատժելը կարող է հարված հասցնել բանակի հեղինակությանը:

Մենք հետեւողականորեն պահանջելու ենք ՀՀ զինվորական դատախազությունից միջոցներ ձեռնարկել Արտակ Նազարյանի մահվան իրական պատճառների բացահայտման եւ դրանում բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: