«Պտտվող լուրերի համաձայն «Գրեյթ Վելլի» ընկերության գործերը դեպի վատն են գնում: Ավելի ստույգ՝ խոսվում է այն մասին, որ «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր, Քյավառա պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը մտադրություն ունի իր բիզնեսները արտերկիր հանելու, քանի որ օր օրի տարբեր կողմերից Արզաքանցյանը փորձությունների է ենթարկվում: Բացի այն, որ վերջերս հատկապես «Գրայթ Վելլիի» արտադրական ծավալներն են պակասել, եւ արտադրանքի իրացումն էլ խիստ ընկել է, հիմա էլ ասում են, որ պատգամավոր Արզաքանցյանին «նեղն» են գցել հարկային մարմինները՝ թույլ չտալով, որ մերօրյա օլիգարխը հին ու բարի ժամանակների նման ապրի: Եւ չնայած նրան, որ Արզաքանցյանը հազարից մեկ է ոտք դնում Հայաստան, հատկապես Քյավառա տարածք, որտեղից որ նա ազգի ընտրյալ է դարձել, վերջինս ավելի շատ հակված է դրսում բիզնես գործունեություն ծավալելու, մահավանդ որ Ֆրանսիայում արդեն իսկ հասցրել է այս առումով ամրապնդվել: Ասում են նաեւ, որ Տիգրան Արզաքանցյանին Հայաստանում բիզնեսի հարցում այլեւս այնքան էլ չեն օգնում նրա մոր՝ Վարսենիկ Գրիգորյանի նախկին կապերը՝ հարկային մարմինների ոտքը տարածքից հեռու պահելու եւ շառից ու փորձանքից հեռու մնալու համար»,-կարդում ենք թերթի հուլիսի 30-ի համարում: