Օգոստոսի 4-ին կայացած արտահերթ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին երկու որոշում է կայացրել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող Зеленая метка եւ Рудник օղիները, հանձնաժողովի համոզմամբ, կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկտների սեփականությունը հանդիսացող եւ դրանց անվամբ գրանցված Зеленая марка եւ Родник ապրանքային նշանների հետ:

Նշված գործողությունները որակելով իբրեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում` ՏՄՊՊՀ-ը որոշում է կայացրել «Ալեքս Գրիգ»-ի նկատմամբ իբրեւ պատասխանատվության միջոց յուրքանչյուր դեպքի համար կիրառել 500 հազար դրամ տուգանք:

Հանձնաժողովի որոշումը տնտեսվարողին պարտադրում է նաեւ դադարեցնել ու հետագայում բացառել Зеленая метка եւ Рудник անվանումով ապրանքային նշանի օգտագործմամբ օղիների իրացումը որոշմամբ սահմանված ժամկետում:

Հիշեցնենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատերը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: