Օգոստոսի 9-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը շահագործման է հանձնել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Դանիել Սահակյանի անվան թիվ 2 դպրոցի նորակառույց, կահավորված մարզադահլիճը: Այն զբաղեցնում է 288 քմ տարածք` երկու հանդերձարանով, լոգարանով, սանհանգույցով եւ մարզիչի սենյակով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հիմնադրամից, մարզադահլիճի կառուցման եւ կահավորման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 100 մլն. դրամ, որի 80 տոկոսն ստանձնել է Ֆրանսիայում գործող «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը` Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով, իսկ 20 տոկոսը` Սպիտակի քաղաքապետարանը:
Հանդիսությանը մասնակցել են ծրագրի հովանավոր «Հույս Հայաստանի համար» կազմակերպության պատվիրակությունը` Հայաստանյան ավետարանական եկեղեցու նախագահ Ռենե Լեւոնյանի գլխավորությամբ: Ներկա են եղել նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Բացման հանդիսության կարմիր ժապավենը կտրել են Մարսելի քաղաքապետն ու Հիմնադրամի գործադիր տնօրենը:
2000 թվականին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ կառուցվել եւ կահավորվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը` նախատեսված 300 աշակերտի համար:




























