Ցածր եւ խորը ձայնը, պարզվում է, քաղաքական գործիչների գլխավոր զենք է ընտրողների ձայների համար պայքարում: Ամերիկյան գիտնականների փորձերը ցույց են տվել, որ մարդը կենսաբանորեն հակված է վստահել թավ ձայնով գործիչներին: Այս մասին նշված է PLoS One ամսագրում հրապարակված հոդվածով:

«Ժամանակակից քաղաքականության մեջ առաջնորդի մասին խոսելիս նկատի ունենք գաղափարական իմաստով մրցակցության մասին, այլ ոչ թե ֆիզիկական: Հնագույն ժամանակներում, սակայն, մարդիկ հետեւում էին ուժեղ առաջնորդին՝ բառի իսկական իմաստով»,- հայտարարել է Մայամիի համալսարանից Քեյսի Քլոֆսթադը:

Քլոֆսթադն ու նրա գործընկերներն ԱՄՆ տարբեր քաղաքներից 800 կամավորների մասնակցությամբ փորձ են անցկացրել՝ պարզելու համար, որ այդ «քարանձավային բնազդների» հետքերը մեր ենթագիտակցության մեջ առկա են նաեւ այսօր:

Նախ գիտնականները փորձել են հասկանալ պատգամավորի կամ նախագահի կատարյալ թեկնածուի կերպարը: Դրա համար նրանք գոյություն չունեցող քաղաքական գործիչների լուսանկարներ եւ կեղծ կենսագրություններ են պատրաստել, որոնց տարիքը տատանվել է 30-70 տարեկանի սահմաններում: Այնուհետեւ լուսանկարները ցուցադրել են «քվեարկության համար նախատեսված համակարգչի» էկրանին՝ կամավորներին խնդրելով ընտրություն կատարել:

Փորձի մասնակիցները նախապատվությունը տվել են 40-50 տարեկան տղամարդկանց: Քլոֆսթադն ու նրա գործընկերները ենթադրում են, որ պատճառը ոչ թե գործիչների կերպարն ու կենսագրությունն է, այլ ձայնը:

Բանն այն է, որ 40-50 տարեկանում տղամարդու ձայնը հասնում է առավելագույն խորության եւ թավության, իսկ հետո աստիճանաբար անկում է ապրում: Արդյունքում, փորձի մասնակիցների 60-76%-ը քվեարկել է թավ ձայնով «գործիչների» օգտին: Ընդ որում, այդպիսի ձայնն ասոցացվում է ոչ թե տարիքի, այլ ապագա պատգամավորի ուժի կամ կոմպետենտության հետ: