ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում պետությունների առաջնորդներին լսել երիտասարդների ձայնը:
Ուղերձում ասվում է.
«Նորահայտ վտանգները, բռնի ծայրահեղականությունը, փոփոխվող քաղաքական պայմանները, տնտեսական ճգնաժամը եւ սոցիալական վերափոխումները մեկտեղվում են՝ ահագնացնելով այն մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհի երիտասարդ բնակչությունը: Նրանցից ավելի լավ ոչ ոք չգիտի կարեւոր հարցերն ու դրանց արձագանքելու լավագույն ուղին: Ահա թե ինչու երիտասարդներին կոչ եմ անում բարձրաձայնել իրենց տեսակետները, իսկ առաջնորդներին հորդորում եմ լսել նրանց:
Մինչ աշխարհը փոխվում է աննախադեպ արագությամբ, երիտասարդներն ապացուցում են, որ անգնահատելի գործընկերներ են, որոնք կարող են առաջ մղել լիարժեք լուծումներ: Երիտասարդական շարժումները եւ ուսանողական խմբերը մարտահրավեր են նետում իշխանության ավանդական կառուցվածքներին եւ հանդես գալիս հօգուտ պետության ու հասարակությունների միջեւ նոր հասարակական պայմանագրի: Երիտասարդ առաջնորդները թարմ գաղափարներ են առաջ քաշել, նախաձեռնողական միջոցառումներ ձեռնարկել եւ կազմակերպվել սոցիալական մեդիայի միջոցով, ինչպես նախկինում երբեք:
Ես ողջունում եմ միլիոնավոր երիտասարդներին, որոնք պայքարում են հանուն իրավունքների եւ մասնակցության՝ անդրադառնալով երիտասարդների շրջանում զբաղվածության անկայուն մակարդակի խնդրին, իրենց ձայնը բարձրացնելով ընդդեմ անարդարության եւ ակտիվորեն աջակցելով հանուն մարդկանց ու մոլորակի համաշխարհային գործողություններին:
Այս շրջադարձային տարում, մինչ առաջնորդները պատրաստվում են ընդունել կայուն զարգացման բոլորովին նոր տեսլականը, երիտասարդության ներգրավվածությունն ավելի արժեքավոր է, քան նախկինում երբեւէ: Պատմության այս վճռորոշ պահին կոչ եմ անում երիտասարդներին՝ պահանջել եւ խրախուսել վճռորոշ առաջընթաց, որի կարքին այնքան անհետաձգելիորեն ունի մեր աշխարհը:
Կամավորականությունը հասարակությունը բարելավելու կատարյալ եղանակ է եւ բաց է փաստացի բոլորի համար: Երիտասարդները կարող են ուժերը համատեղել Միավորված ազգերի կազմակերպության հետ, մինչ մենք նոր կայուն զարգացման նպատակների ձեւավորման փուլից անցում ենք կատարում դրանց իրականացման փուլ: Գործողության այդ ոգին արտացոլված է միջազգային այս օրվա թեմայում, այն է՝ «երիտասարդությունն ու քաղաքացիական ներգրավվածությունը»:
Ես կանգնած եմ աշխարհի երիտասարդների կողքին՝ կոչ անելով ձեռնարկել մարդու իրավունքների պաշտպանությանը, տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պատասխանատու կառավարմանը եւ սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներ:
Այս տարի նշվում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 70 տարին եւ Երիտասարդությանը վերաբերող գործողությունների համաշխարհային ծրագրի 20 տարին: Դրանց նպատակներին աջակցելու նպատակով երիտասարդության հարցերով իմ բանագնացն օգնում է համախմբել երիտասարդների՝ պատմության մեջ այս ամենամեծ սերունդը: Նրա խոսքով՝ երիտասարդների ներգրավվածությունը կարող է օգնել, որ այն աշխարհը, որը ցանկանում ենք, դարձնենք աշխարհ, որին արժանի ենք:
Եկեք բոլորս աջակցենք երիտասարդներին՝ ստեղծելու ապագա, որտեղ մեր մոլորակը պաշտպանված կլինի, եւ բոլոր մարդիկ կապրեն արժանապատիվ»:





























