Apple-ը առավելագույն գաղտնիության պայմաններում զբաղվում է այնպիսի մեքենայի նախագծմամբ, որն առանց վարորդի է աշխատում։ Այդ մասին հաղորդում է  The Guardian-ը, որի ձեռքի տակ է հայտնվել ընկերության ինժեներների նամակագրությունը։

Նամակագրությունից հայտնի է դարձել, որ նախագծով զբաղվողները, որոնց թվում Սիլիկոնային հովտից, Tesla motors-ից եւ Mercedes-Benz-ից ինժեներներ կան, ապրում են Apple-ի կամպուսում, որը Սան Խոսե քաղաքում է եւ որտեղ մուտքի թույլտվություն ստանալը չափազանց դժվար է։

Ենթադրվում է, թե մեքենայի առաջին նմուշն արդեն պատրաստ է եւ շուտով կանցնեն դրա փորձարկմանը, փոխանցում է Gazeta-ն։

Նույն նամակագրությունից նաեւ հայտնի է դարձել, որ Apple-ի մեքենայի փորձարկման համար կօգտագործվի GoMentum station-ը, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյից 30 կիլոմետր հեռու ընկած չօգտագործվող ռազմական բազայում․ այնտեղ հնարավոր է մոդելավորել այն բոլոր իրավիճակները, որոնց բախվում են ժամանակակից վարորդները։

Նշվում է, որ ընկերության կողմից անվարորդ մեքենայի մշակման մասին, որը  «Տիտան նախագիծ» անունն է կրում, վաղուց էին խոսում, բայց սա առաջին փաստաթղթային ապացույցն է։ Apple-ից հրաժարվել են մեկնաբանել այդ տվյալները։