Հայտնի Քեմբրիջի Saint John’s քոլեջը ձեռք է բերել փաստաթղթերի հավաքածու, որոնք շատ արժեքավոր տեղեկություններ են պարունակում Բրիտանիայում ստրկավաճառության մասին։ Այս մասին հաղորդում է Քեմբրիջի համալսարանի կայքը։

St John’s-ը, ի թիվս իր այլ արժանիքների, հպարտանում է նրանով, որ հենց այստեղ են սովորել ստրկատիրության դեմ պայքարի երկու գլխավոր դերակատարները՝ Ուիլյամ Ուիլբերֆորսը եւ Թոմաս Քլարքսոնը, որոնք ի վերջո, հասել են նրան, որ 1807 թվականին խորհրդարանը ստրկավաճառություն արգելող օրենք է ընդունել։

Քոլեջի գրադարանում բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք պատմում են ստրկավաճառության դեմ պայքարի մասին։ Այժմ նոր աղբյուրներ են հայտնվել, որոնք ստրկավաճառությունը նկարագրում են «մյուս կողմից»։ Խոսքը ստրկավաճառների գրագրության մասին է, որոնք Վեստ-Ինդիայում հսկայական թվով ստրուկներ են ունեցել եւ  անհավատալի եկամուտներ ստացել դրանց վաճառքից, հաղորդում է Scientificrussia.ru-ն։

Այդ նամակներից պարզ է դառնում, թե ինչ հսկայական փողեր է բերել ստրկավաճառությունը, եւ թե ինչու էին նման կատաղի դիմադրության հանդիպում ստրուկներին ազատելու կոչերը։ Օրինակ նշվում է, որ 54 ստրուկն արժեր 5100 ֆունտ։ Սա հսկայական գումար է, որը ժամանակակից փողի վերածելով կստանանք մոտ կես մկն ֆունտ։