Կանադայի Վիկտորիա համալսարանի գիտնականների խումբը կազմել է երկրագնդի ամենաարդյունավետ գիշատիչների վարկանիշային աղյուսակը: Նրանք վերլուծել են ցամաքային եւ ջրային գիշատիչների ավելի քան երկու հազար տեսակ: Եվ այն եզրակացությանն են հանգել, որ նրանցից ոչ մեկը ոչնչացման արդյունավետությամբ չի կարող համեմատվել մարդու հետ: Վերջինիս հետազոտողները կոչել են գեր-գիշատիչ:
Վերջին հազար հինգ հարյուր տարվա ընթացքում մարդու մեղքով մեր մոլորակից անհետացել է կենդանու 322 տեսակ: Վերլուծությունը ցույց է տվել, որ այնպիսի գիշատիչներ, ինչպիսիք են, օրինակ, արջերը, առյուծները եւ գայլերը, մարդու ձեռքից տասն անգամ ավելի հաճախ են մեռնում, քան իրար հոշոտելիս, իսկ ծովի այնպիսի սարսափազդու բնակիչներ, ինչպիսին շնաձկներն ու ծովադելֆիններն են, 14 անգամ ավելի հաճախ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով The Daily Mail-ին:
Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Քրիս Դարիմոնտի կարծիքով մարդն իր պահվածքով խախտոմ է վայրի բնության շատ օրենքներ: Օրինակ` գիշատիչները ձգտում են հարձակվել երիտասարդ, վիրավոր կամ հիվանդ կենդանիների վրա: Իսկ մարդն ավելի հաճախ որսում է վերարտադրողական տարիքում գտնվող առողջ կենդանիների, որոնք անհրաժեշտ են պոպուլյացիայի թվաքանակն ապահովելու համար: Ընդ որում, հաճախ սպանում է հաճույքի համար:





























