Դանիայի գիտնականները պարզել են, թե ինչպիսին կլիներ մեր մոլորակը առանց մարդկանց: Նրանք ստեղծել են ամբողջ աշխարհում վայրի կենդանիների բնակության վայրերի քարտեզը՝ ցույց տալով, թե կենդանիների որ տեսակները կբնակվեին ժամանակակից Եվրոպայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի ամենախիտ բնակեցված տարածքներում:
Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ եթե Երկիր մոլորակի վրա չլինեին մարդիկ, ովքեր այդքան ակտիվ աղտոտում են շրջակա միջավայրը ու դրանով իսկ խախտում էկոհամակարգը, ապա աշխարհը նման կլիներ մի մեծ արգելոցի, որտեղ նույնիսկ Հյուսիսային Եվրոպայում կապրեին ու կբազմանային գայլեր, արջերը կամ նույնիսկ փղեր, հայտնում է RT-ն ՝ հղում անելով The Daily Mail–ին:
Ըստ Օրխուսի համալսարանի անցկացրած հետազոտության տվյալների՝ Աֆրիկան իր կենդանական աշխարհի բազմազանությամբ ոչ թե հազվագյուտ եւ բարենպաստ կլիմային է պարտական, այլ մայրցամաքի վայրի բնության նկատմամբ մարդու նվազագույն միջամտություններին:
Մեկ այլ հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ մարդը Երկիր մոլորակի ամենավտանգավոր ու ագրեսիվ գիշատիչն է:





























