Եգիպտոսը դադարեցնում է իր բոլոր կապերը բրիտանական Նորհեմփթոն քաղաքի թանգարանի հետ, որը Christie's աճուրդի տանը վաճառքի է հանել Սեհեմք գրագրի արձանիկը, որն ավելի քան 4000 տարեկան է: Այդ մասին Կահիրեում մամլո ասուլիսին հայտարարել է Եգիպտոսի մշակութային ժառանգության եւ հուշարձանների նախարար Մումդուհ Ադ-Դումաթին:
«Հուշարձանն իրոք վաճառվել է, բայց դեռեւս Մեծ Բրիտանիայի տարածքում է, եւ այժմ մենք փորձում ենք միջոցներ ձեռք առնել, որպեսզի թույլ չտանք երկրից նրա դուրս բերումը: Արձանիկը վաճառած թանգարանը պատժվել է բրիտանական իշխանությունների կողմից: բայց մենք նաեւ դադարեցրել ենք նրա հետ բոլոր շփումները ի նշան բողոքի», — ասել է եգիպտացի նախարարը:
Ադ-Դումաթին նաեւ կոչ է արել բոլորին, ովքեր հարգանքով են վերաբերվում եգիպտական մշակույթին, կամավոր միջոցներ հավաքել Եգիպտոսի համար այդ արժեքավոր իրը հետ գնելու, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սեհեմքի հին եգիպտական արձանիկը, որն ավելի քան չորս հազար տարեկան է, հուլիսին Christie's –ի հանրահայտ աճուրդում վաճառվել է ռեկորդային` 15,76 միլիոն ֆունտ սթեռլինգով (ավելի քան 27 միլիոն դոլարով) մասնավոր կոլեկցիոների, որի անունը հայտնի չէ:
Արձանիկի վաճառքի մասին իմանալով` Եգիպտոսի իշխանությունները բրիտանական իշխանություններին բողոքի նոտա են ներկայացրել: Լոնդոնը որոշում է կայացրել մինչեւ օգոստոսի 28-ը սառեցնել արձանիկն իր նոր տիրոջն ուղարկելը:





























