Ճապոնիայում իրենց հարյուրերորդ տարեդարձը նշած քաղաքացիներին այլեւս սակեի` սակաձուկի կոչվող արծաթյա բաժակներ չեն նվիրի, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Kyodo տեղեկատվական գործակալությանը:
Իշխանությունները ստիպված են եղել նման որոշում կայացնել, որովհետեւ երկարակյացների քանակը չափազանց մեծացել է: Անցյալ տարի ավելի քան 29 հազար մարդ նշել է իր հարյուրամյակը: Իշխանությունների կանխատեսումներով 2018-ին նրանց թիվը կհասնի 39 հազարի:
2014 թվին շնորհավորական բաժակների գնումը կառավարությանն արժեցել է մոտավորապես 260 միլիոն յեն եւ երկրի բյուջեի համար բավականին մեծ բեռ է դարձել:
Իշխանություններն առաջարկում են ավանդական արծաթե բաժակները փոխարինել ավելի էժան նյութից ստեղծված բաժակներով կամ էլ ուղղակի սահմանափակվել շնորհավորական նամակներով:
Հարյուրամյակը լրացած ճապոնացիներին արծաթյա սակաձուկի նվիրելու ավանդույթը գոյություն ունի 1936 թվից ի վեր:





























