Չինաստանի Ռազմածովային նավատորմի ծովային հետեւակայինը, որը մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի առիթով Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին, համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա 57 րոպե եւ 24 վայրկյան բաց աչքերով կանգնել է՝ ոչ մի անգամ չթարթելով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Ըստ The South China Morning Post-ի, պահանջների համաձայն, շքերթին մասնակցելու համար հարկավոր է չթարթել առնվազն 40 րոպե: Դեռեւս փետրվարին աչքերի խնդիրների պատճառով չինացին չէր կարողացել կատարել անգամ նվազագույն պահանջը: Սակայն նա երկար ժամանակ համառորեն մարզվել է՝ առանց թարթելու կանգնելով քամու եւ արեւի ժամանակ:

Նախորդ ռեկորդակիրն ավստրալացի Ֆերգալ Ֆլեմինգն է, որը կարողացել է չթարթել 40 րոպե 59 վայրկյան:

Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված շքերթը Պեկինում կայանալու է սեպտեմբերի 3-ին: