Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 1-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Բաղրամյան 26-ի դիմաց, այժմ երթով շարժվում են Հանրապետության հրապարակ, որտեղ «Ոտքի Հայաստանը» անհնազադության ակցիաներ է անում : «Ոչ թալանին» նախաձեռնության խորհրդի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են, որ ոստիկանությունը ազատ արձակի «Ոտքի Հայաստանի»` այսօր բերման ենթարկված 4 անդամներին:
«Եթե մինչև մեր հասնելը նախաձեռնության անդամները ազատ չարձակվեն, նույնը անելու ենք Հանրապետության հրապարակում»,-ասաց նա:
«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարել է, որ Բաղրամյան 26-ի ակցիան ավարտվել է, նախաձեռնությունը սեպտեմբերի 11-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում:
Նշենք, որ ոստիկանությունը ազատ է արձակել այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված վերջին` 6-րդ ակտիվիստին: Ազատ արձակված բոլոր ակտիվիստները միացել են երթին:
Ակտիվիստներին ոստիկանությունում բացատրել են, որ նրանց բերման են ենթարկել ոստիկանների օրինական պահանջները չկատարելու և փողոցը ոչ նախատեսված մասից հատելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարել է` այսօրվանից վերսկսում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քանի որ իրենց նախկին պահանջները չեն կատարվել:
Նախագահական նստավայրին մոտենալու փորձերի ժամանակ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, ոստիկանները բերման էին ենթարկել վեց ակտիվիստի։
Նաև տեղեկացրել էինք, որ ավելի ուշ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիաներ իրականացնող «Ոտքի Հայաստանի» 4 անդամներ: «Ոտքի Հայաստանը» նույնպես պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ. նրանք պահանջում են պաշտոնանկ անել ՀԾԿՀ անդամներին եւ ազգայնացնել ՀԷՑ–ը։





























