Հանրապետության հրապարակից այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ոստիկանության կողմից բերման ենթարկված «Ոտքի Հայաստան» նախաձեռնության 7 անդամները ազատ են արձակվել: Նրանք այժմ գտնվում են Հանրապետության հրապարակում (ֆոտոռեպորտաժ):

«Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը Բաղրամյան պողոտայից հրապարակ էր գնացել «Ոտքի Հայաստանի» անդամներին ազատ արձակելու պահանջով՝ ավարտեց ակցիան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հաջորդ հանրահավաքը հրավիրել է սեպտեմբերի 11-ին:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը  հայտարարել է` այսօրվանից վերսկսում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քանի որ իրենց նախկին պահանջները չեն կատարվել:

Նախագահական նստավայրին մոտենալու փորձերի ժամանակ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, ոստիկանները բերման էին ենթարկել վեց ակտիվիստի։

Նաև տեղեկացրել էինք, որ ավելի ուշ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել հրապարակում անհնազանդության ակցիաներ իրականացնող «Ոտքի Հայաստանի» 7 անդամներ: «Ոտքի Հայաստանը» նույնպես պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ. նրանք պահանջում են պաշտոնանկ անել ՀԾԿՀ անդամներին եւ ազգայնացնել ՀԷՑ–ը։