Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների խայտառակ իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության աճող քննադատությունը Բաքվի ռեժիմը փորձում է շեղել այս կարգի սադրիչ գործողություններով։ Այս մասին NEWS.am–ին ասաց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում իրադրության սրումը:
Մամուլի խոսնակը նշեց, որ Ադրբեջանի գործողությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Բաքուն ձգտում է խոչընդոտել խնդրի կարգավորման գործընթացը։
«Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով տարբեր, ներառյալ՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ հրադադարի կոպիտ խախտումները հերթական անգամ ապացուցում են, որ Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, նրանց կողմից առաջիկայում նախաձեռնած շփումները։
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի այս արկածախնդիր գործելաոճը, որի հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում, զգալի նյութական վնաս է հասցվում»,– ասաց Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը վերջին մի քանի օրերի ինտենսիվ գնդակոծում է Տավուշի մարզի սահմանի երկայնքով հայկական բնակավայրերը, ինչի հետեւանքով վերջին երկու օրերին 6 մարդ է վիրավորվել, շինություններին հասցվել է զգալի վնաս։





























