Ամերիկյան Յուտա նահանգում հրապարակել են մանկապղծության մեջ մեղադրվող պարարվեստի ուսուցչուհու դատավճիռը: Կինը գայթակղել է անչափահաս աշակերտին եւ մի քանի ամիս շարունակ նրա հետ սեռական հարաբերություն ունեցել, այդ թվում՝ ստուդիայում:
33-ամյա ուսուցչուհի Էմբեր Թելֆորդին 30-օրյա բանտարկության են դատապարտել: Ըստ Deseret News-ի, նա նաեւ 150 ժամ հասարակական աշխատանք պետք է կատարի, եւ նրա անունը կներառվի սեռական հանցագործների ցանկում:
Newsru-ի փոխանցմամբ, գործի նյութերի համաձայն, Colette's Dancing Studio-ի ղեկավար Էմբեր Թելֆորդը 17-ամյա դեռահասի հետ սեռական կապ է ունեցել 2014 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր: Նա պատանուն նախ գրավել է նվերներով: Կինը տղայի համար հագուստ է գնել, ինչպես նաեւ վճարել Դիսնեյլենդում պարային ելույթների ուղեւորությունների համար:
Հատկանշական է, որ այդ ընթացքում Էմբերն ամուսնացած է եղել եւ երեք երեխա է ունեցել: 2014 թվականի սեպտեմբերի վերջին բազմազավակ մայրն ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել: Շուտով նրա ամուսինը դետեկտիվ է վարձել, ինչից հետո պարզվել է, որ Էմբերն անչափահաս սիրեկան ունի: 2015 թվականի հունվարին Թելֆորդին ձերբակալել են:





























