Կոտայքի մարզի Արզական գյուղի մոտ խոտածածկ տարածքում սեպտեմբերի 9–ի երեկոյան բռնկված խոշոր հրդեհը մարել են մեծ դժվարությամբ։
Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ հդեհը մարելու բարդությունը պայմանավորված է եղել տեղանքով. հրշեջ մեքենաները չեն կարողացել մոտենալ տարածքին, Արզականի եւ հարեւան Բջնի գյուղի բնակիչների օգնությամբ, որոնք իրենց մեքենաներով ջուր են հասցրել դեպքի վայր, հրշեջներին դժվարությամբ է հաջողվել տեղայնացնել ու մարել հրդեհը։
Խոտածածկ տարածքից բացի այրվել է նաեւ հարակից անտառային տարածքի մի հատվածը։
Գյուղապետի խոսքով` ամենայն հավանականությամբ հրդեհն առաջացել է անփութության հետեւանքով։
«Արոտավայր է. հնարավոր է` հովիվների անփութության հետեւանքով, կամ վառված սիգարետից առաջացած լինի։ Միտումնավոր բան չկա։ Ամեն տարի այս ժամանակաշրջանում մեզ մոտ հրդեհեր լինում են»,– ասաց գյուղապետը։





























