«Ո՛չ Սահմանադրական փոփոխություններին» քաղաքացիական նախաձեռնությունը բարեփոխումների դեմ կպայքարի Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քաղաքակիրթ մեթոդներով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում հրավիրված սակավամարդ հանրային քննարկման ընթացքում NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արա Պողոսյանը՝ ավելացնելով, որ իրենք խնդիր չունեին այսօր հրապարարակում կենտրոնացնել իրենց բոլոր ռեսուրսները:

Արա Պողոսյանի նշեց՝ «Ո՛չ սահմանադրական փոփոխություններին» նախաձեռնությունը կմիանա վերջին շրջանում ձեւավորված բոլոր մյուս նախաձեռնություններին,եթե հանրությանը մոբիլիզացնելու անհրաժեշտություն առաջանա, մի խումբ երիտասարդներից բացի իրենց հրապարակում կմիանան նաեւ այլ քաղաքացիներ:

«Սա մեր ամբողջ ռեսուրսները չեն, սա ընդամենը հանրային քննարկում է: Մենք այսօր խնդիր չունենք հանրային մոբիլիզացիա անելու այստեղ, այսօր մեր նպատակն է մարդկանց հավաքել, որոնք կարտահայտեն իրենց կարծիքները: Մեզ համար շատ կարեւոր է լսել մեր քաղաքացիների կարծիքը, որի հիման վրա արդեն ինչ-որ քայլեր կանենք, հիմա անիմաստ է»,-ասաց նախաձեռնության անդամը՝ չկարեւորելով հանգամանքը, որ կարծիքներ հայտնողների թիվը քսան հոգու էլ չէր հասնում: 

Արա Պողոսյանի խոսքով՝ «Ո՛չ Սահմանադրական փոփոխություններին» նախաձեռնությունը ստեղծվեց այն պահին, երբ Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը ամբողջական ներկայացվեց հանրության դատին, իրենց նպատակն է այժմ օրակարգից հանել այդ նախագիծը, թե ինչ մեթոդներով, կորոշեն հանրային քննարկումներից եւ իրազեկման ակցիաներից հետո:

Նախաձեռնության անդամը ավելացրեց, որ նոր Սահմանադրության ամենարատավոր կողմերը իշխանության եւ դատական համակարգի ձեւավորմանը վերաբերյալ դրույթներն են: