Ֆրանսիայում դատարանը մեղավոր է ճանաչել տղամարդուն, որին մեղադրում էին իր 3 տարեկան երեխային լվացքի մեքենայի մեջ սպանելու համար, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով i24 News-ը։

36-ամյա Քրիստոֆ Շամպենուան դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, իսկ նրա կինը՝ 29-ամյա Շառլին Կոտեն, 12 տարվա ազատազրկում է ստացել սպանությանը մասնակցելու եւ բռնություն սադրելու համար։

Երեխան մահացել էր 2011թ. նոյեմբերին Փարիզի արվարձաններից մեկում։ Տղայի ավագ քրոջ խոսքով՝ հայրը որոշել էր պատժել երեխային մանկապարտեզում չարաճճիություն անելու համար։ Տղամարդը երեխային մտցրել էր լվացքի մեքենայի մեջ, միացրել այն եւ գնացել կողքի սենյակ։

Հաղորդվում է, որ հանցագործության պահին բնակարանում են եղել նաեւ երեխայի մայրն ու քույրը, որոնք օգնության չեն եկել։ Երբ երեխան մահացել էր, Շամպենուան զանգահարել էր շտապ օգնություն եւ հայտնել, որ երեխան աստիճաններից ընկել է։