Մոլդովական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կրակելու գաղտնի հրահանգ է ստացել: Ըստ Lenta.ru-ի, համապատասխան հայտարարությամբ տեղական JurnalTV հեռուստաալիքի եթերում հանդես է եկել ՆԳ նախարարի նախկին տեղակալ Անտոն Գամուրարը:

Նա նշել է, որ տեղեկության աղբյուրը ՆԳՆ ոմն սպա է, ով ստիպված է եղել հրաժարական ներկայացնել՝ ղեկավարության հրամանը չկատարելո համար: ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել:

Գամուրարն «Արժանապատվությունն եւ արդարություն» շարժման ղեկավարներից է, որը Քիշնեւում զանգվածային բողոքի ակցիաներ է կազմակերպել՝ պահանջելով կառավարության հրաժարականը:

Ոստիկանության տվյալներով, ներկայում Քիշնեւի կենտրոնական հրապարակում շուրջ 15 հազար ցուցարար է հավաքվել: Մարդիկ շարունակում են կազմակերպված համալրել նրանց շարքերը: