Գերմանիան փախստականների հարցում շրջադարձ է կատարում եւ սահմանային վերահսկողություն է մտցնում։ Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը դեմ է առել սեփական ինքնավստահության եւ Եվրոպայի տեղից չշարժվելու քարին։ Այս մասին Süddeutsche Zeitung գերմանական պարբերականում գրում է թերթի քաղաքական բաժնի խմբագիր, քաղաքագետ Շտեֆան Կոռնելիուսը։

«Երկու շաբաթ առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրեցօր ավելացող փախստականների դեմ դրեց բարեհոգի եւ սրտաբաց Գերմանիային՝ հայտարարելով, թե «մենք կարող ենք անել դա»։ Կիրակի դաշնային կառավարությունը տպավորիչ շրջադարձ կատարեց՝ հայտարարությունը վերաձեւակերպելով. «Մենք ամեն դեպքում չենք կարող անել դա»։ Կանցլերի համար սա նշանակում է ընդունել քաղաքական սխալ հաշվարկը, ինչը նրա ղեկավարության 10 տարիների ընթացքում երբեք չէր պատահել։ Գերմանացի ազգը կանգնած է բարդ քաղաքական բանավեճի առջեւ։ Իսկ Եվրոպայի համար սա հստակ մեսիջ է առ այն, որ Գերմանիան հասկացել է, որ չի կարող ԵՄ միգրացիոն քաղաքականության մեջ միայնակ հեղափոխություն կատարել»,- գրում է Կոռնելիուսը։

Հեղինակը անդրադառնում է հանգստյան օրերին Գերմանիա ներթափանցած փախստականների հոսքին եւ նշում, որ հազարավոր ներգաղթյալների հոսքն այս օրերին կաթվածահար է արել Մյունխենը եւ սասանել անգամ դաշնային հողերի համերաշխությունը։ Եվրոպայում արդեն վաղուց նշմարվող երկակի չափանիշները հասան նաեւ Գերմանիա, որն իր «բարի գալուստի» քաղաքականությամբ հրապուրիչ կերպար է ստեղծել շատ փախստականների համար՝ Սիրիայից սկսած մինչեւ Պակիստան։ «Ո՛չ, Գերմանիան չի կարող բաց լինել բոլորի համար, քանի որ երկիր ներգաղթած մարդկանց հսկայական քանակը եթե ոչ թե ֆինանսապես, ապա սոցիալապես ծանրաբեռնում է երկիրը»,- բարձրաձայնում է քաղաքագետը։

Նա նշում է, որ Գերմանիայի վարած քաղաքականությունը ձախողվել է բարոյական պարտքի բեռի տակ կքելու պատճառով, պարտք որը պարտադրում է ապաստան տրամադրել պատերազմից փախած ցանկացած քաղաքացու։

«Այդ քաղաքականությունը դեմ է առել սեփական ինքնավստահության եւ Եվրոպայի անշարժունակության քարին։ Եվրոպան վտանգավոր դիսբալանսի մեջ է։

Հունգարիայի եւ նրա հարեւանների, ինչպես նաեւ Դանիայի եւ Գերմանիայի միջեւ լարված իրավիճակը վտանգի տակ են դնում ազատ տեղաշարժի իրավունքը եւ դրա հետ մեկտեղ՝ Եվրոպայի իրավական դաշտը։ Կարելի է դատապարտել ԵՄ անդամ երկրների տեղից չշարժվելու ցանկությունը, սակայն համերաշխությունը երկսայր թուր է, որը հավասար է բոլորի համար, այդ թվում նրանց, ովքեր իրենց հալածյալ են համարում։ Նրանք այս անգամ ակնհայտորեն մեծամասնություն են կազմում»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ այդ համերաշխությունը ենթադրում է ԵՄ բոլոր անդամների համար հավասարապես կիսել փախստականների բեռը։

«Սահմանների վերահսկողությունը վերակագնելն ու Բալկաններից եկած փախստականներին հետ վերադարձնելը սկզբում հնարավոր է չնչին ազդեցություն ունենա մարդկանց քանակի վրա։ Այդ պատճառով սահմանային վերահսկողությունը խորհրդանշական բնույթ է կրում։ Սա ընդամենը գերմանական տարբերակն է այն ճչացող մեսիջի, որն այսպես թե այնպես կոպիտ է հնչում. «Մենք չենք կարող եւ չենք ուզում բոլորին ընդունել»,- եզրափակում է հեղինակը։