Երեւանի Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի չեղարկում պահանջող ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննական մարմնի որոշումը վերացվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննական մարմնի որոշումը 25.09.2015թ. հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է, քանի որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները՝ բացահայտված հանգամանքներին քննիչի կողմից չի տրվել քրեաիրավական գնահատական: Նախաքննությունը շարունակվում է:
Նախաքննության ընթացքում որևէ կասկածյալ ներգրավված չէ:
Մինչդեռ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քրեական գործը վերաբացվել է քաղաքացիներին վախեցնելու նպատակով:
«Իրենց պատկերացմամբ դրանից մարդիկ կվախենան, կձգվեն, կամ չեն մասնակցի ակցիաներին, բայց դա միայն իրենց պատկերացմամբ է այդպես»,-ասաց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 23-ին վաղ առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը բերման էր ենթարկել 237 քաղաքացու՝ հիմնավորելով, որ նրանք եղել են խուլիգանություն կատարելիս: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագայում կարճվել էր, քանի որ ցուցարարների գործողություններում Քննչական կոմիտեն հանցակազմ չէր տեսել:




























