Կարող է լինել միջազգային հարաբերությունների, դիվանագիտության դպրոցներ, բայց քաղաքական դպրոց չի կարող լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության ակունքներում կանգնած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն` անդրադառնալով Շարմազանովի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն որոշել է ստեղծել քաղաքական դպրոց:
«Կարծում եմ` բացի հանրակրթական դպրոցներից, կուսակցական դպրոց ստեղծելու կարիք չունենք: Կոմունիստների ժամանակ կար նման դպրոց: Քաղաքական դպրոց չի կարող լինել: Կարող է լինել միջազգային փոխհարաբերության, դիվանագիտության, միջազգային իրավունքի դպրոց, , որտեղ սովորելուց հետո երիտասարդները շարունակեն ավելի հայտնի բուհերում, բայց քաղաքական դպրոց չի կարող լինել»,-ասաց պատգամավորը:
Աղաբաբյանը թեեւ մեզնից լսեց իր հարազատ կուսակցության քաղաքական դպրոց հիմնելու մասին որոշումը, սակայն չզլացավ իր գնահատականն ասել այդ որոշման մասին: «Իմ տրամաբանությունը թույլ է տալիս ասել, որ կուսակցությունները չեն կարող ունենալ դպրոցներ, դա դիկտատուրա է, սա կոմունիստական հասարակությունը չէ»,-ասաց նա:
Աղաբաբյանը նշեց, որ այսօր շատերն են անդամագրվում այս կամ այն կուսակցությանը` նեղ շահերից ելնելով, մինչդեռ յուրաքանչյուր կուսակցություն ունի իր քաղաքական ուղղությունը, ծրագրերը: «Եթե անդամագրվում են տվյալ կուսակցությանը, նախ պետք է ծանոթանան այդ կուսակցության ծրագրերին, գաղափարներին: Կուսակցությունը պիտի ձերբազատվի շահերից դրդված անդամագրվող մարդկանցից»,-իր խոսքն ամփոփեց Աղաբաբյանը:





























