«Սասնա ծռեր» խմբի անդամներից 12-ի մեղադրանքն օրերս լրացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալներից Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։
Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 238-րդ (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածներով: Հուլիսյան դեպքերի ժամանակ 3 ոստիկանի սպանության համար առայժմ մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին եւ Արմեն Բիլյանին: Բարսեղյանը մասնավորապես մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքից դուրս ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար, իսկ Բիլյանը՝ Գագիկ Մկրտչյանի:
Նշենք, որ լրացվել են նաեւ այն անձանց առաջադրված մեղադրանքները, որոնց գործերը կցվել են սույն գործին:
Իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնական տեղեկատվության լրացված մեղադրանքների վերաբերյալ չեն հաղորդում:




























