ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական պարբերականներին տված հարցազրույցում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին շփոթել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խոսել եմ Եվրամիության ղեկավարի հետ, ինձ շատ հաճելի պարոն էր զանգահարել»,- գերմանական Bild-ին ասել է Թրամփը: Պարբերականի լրագրողը Թրամփից ճշտել է. «Պարոն Յունկե՞րը»: «Այո՛, զանգահարել էր՝ ինձ շնորհավորելու ընտրություններում հաղթելու համար»,- պատասխանել է Թրամփը:

Իրականում Թրամփը Յունկերի հետ երբեք հեռախոսով չի շփվել, նշել է Welt-ը:

Ընտրություններից հետո Տուսկն ու Յունկերը համատեղ հայտարարությամբ իսկապես Թրամփին շնորհավորել են ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ նրան հրավիրել են ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին, սակայն հեռախոսով Թրամփը խոսել է միայն Տուսկի հետ: Նրանք քննարկել են Ուկրաինայի հարցով անդրատլանտյան համագործակցության անհրաժեշտությունը, Թրամփը Տուսկին Սպիտակ տուն է հրավիրել երդմնակալությունից հետո: