Ամերիկյան հետախուզությունը եւ իրավապահ մարմինները Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի եւ Կրեմլի միջեւ հնարավոր կապերի հետաքննության շրջանակում ուսումնասիրում են գաղտնալսած հեռախոսազրույցներն ու ֆինանսական գործարքները, գրում է New York Times–ը։

Թերթի տվյալներով՝ հետաքննությունը կենտրոնացած է Ռուսաստանում Թրամփի մտերիմ խորհրդականների, այդ թվում՝ նրա նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի գործնական կապերի վրա, որի դեմ ՀԴԲ–ն արդեն հետաքննություն է վարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կապերի գործով։

Հաղորդվում է, որ իշխանությունների տեսադաշտում են հայտնվել նաեւ Թրամփի 2 օգնականները՝ Քարթեր Փեյջն ու Ռոջեր Սթոունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։  

Հետաքննությունը վարում են ՀԴԲ–ն, ԱԱԳ–ն, ԿՀՎ–ն եւ Ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների բաժինը։

Թերթը հայտնում է նաեւ, որ դեռեւս պարզ չէ, թե այդ գաղտնալսած խոսակցությունները ինչ–որ կապ ունեն Թրամփի կամ նրա նախընտրական շտաբի հետ, թե ոչ։