Ավստրալիայի սողունների պարկը դիմել է երկրի բնակիչներին՝ թունավոր սարդերին որսալու գործում օգնության խնդրանքով։ Այս մասին հաղորդում է Lenta–ն՝ վկայակոչելով Reuters–ը։
Սողունների պարկը զբաղվում է թունավոր սարդերի դեմ հակաթույնի մատակարարմամբ։ Այժմ հակաթույնի պաշարները սպառման եզրին են, քանի որ «կանաչ մայրցամաքում» աննախադեպ շոգ եղանակի պատճառով սարդերի խայթոցի դեպքերը կտրուկ աճել են։
«Մենք ակնկալում ենք հասարակության օգնությունը՝ ծրագրի շարունակականությունը ապահովելու հարցում։ Փորձել ենք ինքներս անհրաժեշտ քանակի սարդ որսալ, սակայն՝ ապարդյուն։ Դա դժվար գործ չէ՝ անհրաժեշտ է ունենալ միայն հարմար տարա եւ փայտե գդալ», – ասել է պարկի մենեջեր Թիմ Ֆոլքները։





























